Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում ընդունել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանին: Քննարկմանը մասնակցել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: «Պարոն Կիրակոսյան, այսօր ակնկալում եմ հայ-ավստրիական հարաբերությունների հանգամանալից քննարկում և, բնական է, քանի որ Դուք նաև ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարն եք, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի առաքելության ղեկավարն եք, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում ներկայացնում եք ՀՀ-ն, այդ թվում նաև մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ՄԱԳԱՏԷ-ում, կցանկանայի, որ խոսենք նաև այս հարցերի մասին: Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, և մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, և պատահական չէ, որ դեռևս 1988 թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, և հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետև բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը: Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում: Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ ԱԺ-ում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ ևս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաև գործարար դաշտ: Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել ևս, որ Ավստրիան տիրապետում է և շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում՝ նաև ջրի խելացի կառավարման խնդիրներով: Եվ սա կարող է լինել գործարարության շատ մեծ դաշտ, որովհետև Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արևային էներգիայի ստացման բնագավառում: Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների և ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Դեսպան Արման Կիրակոսյանը մանրամասն անդրադարձել է Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելության խնդիրներին, ամփոփել վերջին տարիների աշխատանքները, ներկայացրել արդյունքները և դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: «Երկու պետությունների միջև ստեղծված է շատ լավ, լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առևտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների և գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ համագործակցությանը: Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, 2014-ի սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, որ էներգետիկայով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որ գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան և համագործակցեն: Իհարկե, վերջին տարում գոհացուցիչ չեն առևտրաշրջանառության ծավալները: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը: Մյուս կարևոր հանգամանքը՝ անցյալ տարի մեզ հաջողվեց ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է մեր հարաբերությունների պատմության ընթացքում: Խորհրդարանում միշտ ձևավորված է եղել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի խումբ, որը, փաստորեն, չի աշխատել: Անցյալ տարվա դեկտեմբերին վերջնականացվեց այդ խմբի ձևավորումը, և այսօր Կանաչների կուսակցության ներկայացուցիչն է այն ղեկավարում: Այդ խմբի մեջ ընդգրկված են խորհրդարանի բոլոր կուսակցությունները: Ձեր այցելության ընթացքում բացվեց Վիեննայի «Հայաստան» կենտրոնը, որն առաջին նման կառույցն է Հայաստանի սահմաններից դուրս: Սա, իրոք, հազվագյուտ կենտրոններից է, որը մեր գերատեսչությունները նույնպես կարող են օգտագործել՝ Եվրոպայի կենտրոնում տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու համար: Մեր ներկայացուցչությունը ներկայացված է բազմակողմ՝ և ԵԱՀԿ-ում, և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակում: Շատ կարևոր է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությունը, որի հետ մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացնում: Կարևոր է նաև, և կարծում եմ առանձնակի կանդրադառնանք այդ թեմային՝ Ավստրիայում գործող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ համագործակցությանը: Անցյալ տարի ես ընդունված կարգով հանձնեցի հավատարմագիրը: Կարևոր է, որ այդտեղ ուսանեն նաև մեր երիտասարդները: Այդ ոլորտը շատ բարձր է գնահատվում և Ավստրիայում, և ընդհանրապես ամբողջ Եվրոպայում: Սա այն մարմինն է, որը մենք կարող ենք օգտագործել այդ ոլորտում երիտասարդների ուսման համար»,- ասել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և գերատեսչություններին: